igc.am

WSIS+20՝ կվերանայվեն գլոբալ թվային համագործակցության սկզբունքները

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (WSIS+20) բարձր մակարդակի միջոցառումն այս տարի անցկացվելու է մայիսի 27-31-ը՝ Ժնեւում։ Այն նախաձեռնել են ITU-ն, UNESCO-ն, UNDP-ն եւ UNCTAD-ը։

Նպատակը ՄԱԿ-ի գործակալությունների շրջանակում առաջիկա տարիների գլոբալ թվային համագործակցության սկզբունքները սահմանելն է։

Բազմակողմ քննարկումների այս հարթակում կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի եւ տեխնիկական համայնքի ներկայացուցիչները կվերանայեն ինտերնետի կառավարման եւ գլոբալ թվային համագործակցության ընդհանուր սկզբունքները, որոնք հաստատվել էին 2003-ին՝ Ժնեւի եւ 2005-ին՝ Թունիսի երկփուլ համաժողովում՝ վերջին 20 տարիների համար։

WSIS+20 երկրների եւ շահագրգիռ կողմերի հաշվետվությունների համադրման, ձեռքբերումների վերլուծության ե, թիրախների ճշգրտման միջոցով ամփոփվելու են գլոբալ թվային համագործակցության շրջանակում իրականացված քայլերը եւ նախանշվելու են արդիականացման ուղիները։

«Ինտերնետ կառավարման գործընթացներում Հայաստանը մնում է ներկայիս՝ բազմաշահառու, միասնական մոդելի  կողմնակից։ Դրա օրինակն է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը, որում միավորված են շահագրգիռ բոլոր կողմերը։ Այս մոդելը կարող է կիրառելի լինել նաեւ տարածաշրջանային մակարդակում»,- այս մասին նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի անդամ Ալեքսեյ Սանդիկովը դեռեւս նախորդ տարի Երեւանում տեղի ունեցած АrmIGF-2023-ին։

WSIS-ը ՄԱԿ-ի նախաձեռնություններից է, որը ներառում է կազմակերպության ավելի քան 32 գործակալություն եւ ձգտում կառուցել մարդակենտրոն, ներառական ու զարգացմանն ուղղված տեղեկատվական, գիտելիքահեն հասարակություններ, որտեղ յուրաքանչյուրը կունենա հասանելիություն ինտերնետին։

Share This Post